Սուրեն Մուրադյան

Սուրեն Մուրադյանը սիրված ժամանակակից հայ բանաստեղծ է, մանկագիր, երգիծաբան, դրամատուրգ:

Ծնվել է Լոռու մարզի Ակներ գյուղում, 1930թ. նոյեմբերի 26-ին: 1952թ. ավարտել է Երևանի Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի պատմալեզվագրական ֆակուլտետը, 1957թ. Մոսկվայի ժուռնալիստիկայի բարձրագույն դպրոցը:

Տարբեր տարիների աշխատել է «Պիոներ կանչ», «Ավանգարդ» թերթերի, «Ոզնի» երգիծաթերթի, «Խորհրդային Հայաստան» ամսագրի, ռադիոյի երիտասարդական հաղորդումների խմբագրություններում, «Արևիկ» հրատարակչությունում: Տասը տարի դասախոսել է «Հայբուսակ» համալսարանի հումանիտար ֆակուլտետում:

Մանկական անդրանիկ ժողովածուն` «Առաջին երգ» խորագրով, լույս է տեսել 1953 թվականին:

Մինչև հիմա հրատարակել է մանկական, քնարական, երգիծական 129 անուն գիրք` հայերենից բացի ռուսերեն, ուկրաիներեն, բելոռուսերեն, լիտվերեն, արաբերեն, պարսկերեն, վրացերեն, աշխարհի 17 լեզուներով: Պիեսները բեմադրվել են մի շարք թատրոններում:

Հայաստանի գրողների միության անդամ է 1964 թվականից, ժուռնալիստների միության անդամ` 1959թ.:

Մանկական գրողների միության անդամ է 1964 թվականից, ժուռնալիստների միության անդամ` 1959թ.:

Մանկական գրքերն արժանացել են ՀԳ միության Ստ. Զորյանի, Վ. Անանյանի անվան մրցանակների:

Պարգևատրվել է Հայաստանի Գրողների միության «Գրական վաստակի համար», «Եղիշե Չարենց», Մանկավարժական համալսարանի «Խաչատուր Աբովյանի անվան», Մշակույթի, Կրթության և գիտության նախարարությունների, «Ֆրիտյոֆ Նանսեն», հիմնադրամի ոսկեզօծ մեդալներով և կառավարության Մովսես Խորենացու անվան շքանշանով: «Լոռվա ձոր» հայրենակցական միությունը Մուրադյանին շնորհել է «Թումանյանի հետնորդ» պատվավոր կոչումը, իսկ 2011թ. «Թեքեյան» մշակութային միությունը նրան արժանացրել է Թեքեյանի անվան մրցանակի:

Մուրադյանի տեքստերով տարբեր սերնդի կոմպոզիտորներ գրել են 250-ից ավելի երգեր, որոնցից առաջին մրցանակներ են շահել Սայաթ-Նովայի անվան 2000թ. Համահայկական լավագույն երգի, Երգչախմբային ընկերության, Մշակույթի նախարարության և «Արևիկ» համույթի հայտարարած մրցույթներում:

​Ունի երկու դուստր, չորս թոռնիկ, մեկ ծոռնուհի: