Սայաթ-Նովա

Սայաթ-Նովան (Հարություն Սայադյան; հունիսի 14, 1712, Թբիլիսի - նոյեմբերի 22, 1795, Թբիլիսի) մեծ ժառանգություն ունի ուշ միջնադարի հայ գրականության ու հոգևոր մշակույթի ասպարեզում։ Նա հայոց գուսանական-ժողովրդական քնարերգության բարձրակետ է:

Հավաքածուն նվիրված է հայ մեծ բանաստեղծ-աշուղին: Այն բաղկացած է երեք հատորից: Առաջին գրքույկում ներկայացված է Սայաթ-Նովայի կյանքն ու գործունեությունը: Երկրորդ գրքույկը ընդգրկում է Սայաթ-Նովայի 47 ստեղծագործությունների ընտրանին: Երրորդ գրքույկում ընդգրկված է Սայաթ-Նովայի վրացերեն և թուրքերեն ստեղծագործությունների ընտրանին: Հավաքածուին կցված է երկու ձայնասկավառակ: Առաջին ձայնասկավառակի մեջ զետեղված են Սայաթ¬-Նովայի 58 երգերը` Շարա Տալյանի և այլ երգիչների կատարմամբ: Երկրորդ ձայնասկավառակում Սայաթ¬-Նովայի պոեզիան է` Բաբկեն Ներսիսյանի և մյուս լավագույն հայ ասմունքողների ընթերցմամբ:  

Սայաթնովագիտությունը, չնայած որոշ սիրողական և երբեմն անգամ հակագիտական դրսևորումներին, շարունակում է իր շնորհակալ և արգասավոր ուղին՝ վերհանելով նորանոր շերտեր Սայաթ-Նովայի կենսագրությունից և ստեղծագործությունից: Ժողովածուի «Կյանքը և գործը» գրքույկում ներկայացված է հեղինակի երկարամյա հարուստ փորձի ամփոփումը: Հանրությանը թյուրիմացություններից ու մոլորություններից զերծ պահելու համար Սայաթ-Նովայի կյանքի ու գործի մասին իր շարադրանքում Հ. Բախչինյանը հենվել է պատմական աղբյուրների (հայկական և վրացական), քիչ թե շատ հավաստի ավանդույթների և իր իսկ՝ Սայաթ-Նովայի խաղերի կապակցությամբ կատարած ծանուցումների և բուն խաղերում առկա կենսագրական ուղղակի և անուղղակի վկայությունների վրա:

Իր եռալեզու ժառանգությամբ աշուղ-բանաստեղծ Սայաթ-Նովան բացառիկ երևույթ է համաշխարհային քնարերգության մեջ: Մայրենի լեզվից զատ նա ստեղծագործել է նաև վրացերեն և թուրքերեն: Հայերեն խաղերում նա անկրկնելի է իր անմիջականությամբ ու պարզությամբ, անօրինակ է իր նրբությամբ ու գունագեղությամբ, բացառիկ է հոգու և մտքի, աչքի և լեզվի ներդաշնակությամբ և այլն: Հայերեն խաղերում Սայաթ-Նովայի վրձանահարվածներն առավել ազատ են ու վստահ՝ վառ և շլացուցիչ, զգացմունքը՝ անմիջական ու թրթռուն: Այստեղ նրա տաղանդը դուրս է հորդում աշուղական կաղապարներից: Հայերեն երգերում, Պարույր Սևակի արտահայտությամբ, Սայաթ-Նովան «ազգային է Գողթան երգիչների չափ»: Ժողովածուի «Խաղեր» գրքույկն ընդգրկում է շուրջ 50 խաղ:

​Սայաթ-Նովան գրել է երկլեզու՝ հայերեն-թուրքերեն երկու խաղ, որոշ պարսկերենախառն երգեր և մեկ քառալեզու խաղ՝ վրացերեն-պարսկերեն-թուրքերեն-հայերեն: Թուրքերեն խաղերի հիմնական աղբյուրը նրա ինքնագիր երգարանն է (Դավթար), իսկ վրացերեն խաղերի հիմնական աղբյուրը՝ որդու՝ Օհանի կազմած ժողովածուն: Թուրքերեն խաղերում արժանապատվորեն նշում է իր հայկական ծագումը: «Վրացերեն և թուրքերեն խաղեր» գրքույկում ընդգրկված 25 վրացերեն և 49 թուրքերեն խաղերը թարգմանել են Մ. Հասրաթյանը և Հ. Բախչինյանը: