Հակոբ Սողոմոնյան

Հակոբ Սողոմոնյանի «Թլփատվածները» վեպ – եռագրությունն առնչվում է Հայոց ցեղասպանության խնդրին, սակայն միանգամայն նոր տեսանկյունից: Վեպը մեկտեղել է պատմական, դետեկտիվ և ֆանտաստիկ գրական ժանրերի տարրեր:

Ի հայտ է եկել «Թլփատվածները» կոչվող մի կազմակերպություն, որը սպառնում է վրեժխնդիր լինել Հայոց ցեղասպանության համար և համակարգչային գենետիկ զենքի միջոցով բնաջնջել թուրքերին: «Ազատություն» ռադիոկայանի հայ լրագրողուհին մեկնում է Ստամբուլ, իսկ թուրք լրագրողուհին՝ Երևան: Առաջինը թուրք սպայի, երկրորդը՝ հայ սպայի հետ սկսում են որոնել «Թլփատվածների» հետքերը: Երևակայական թվացող սպառնալիքն աստիճանաբար ձեռք է բերում իրական վտանգի ուրվագիծ:

Առաջին գրքում «Թլփատվածները» տալիս են նախազգուշացումը, երկրորդում՝ գուժում, թե՞ ավետում են դատավճիռը: Գործողությունները զարգանում են անկասելի ընթացքով. բախումը մոտենում է հանգուցալուծման. «Թլփատվածների» զորությունը հասնում է առասպելական աստիճանի. նրանք արդեն կարող են վրեժխնդիր լինել, սպանել մտքի ուժով, ցանկությամբ:

​Հակոբ Սողոմոնյանի եռագրության երրորդ գրքում բացահայտվում է, թե ովքեր են «Թլփատվածները»: Նրանք հարված են հասցնում, և հարվածի ալիքը Արարատի գագաթից տարածվում է լանջերն ի վար ... Ուխտավորների բազմությունը ուղևորվում է դեպի Արարատի գագաթ և հայտնաբերում Նոյյան տապանը, որտեղ պիտի կատարվի ծիսական մի արարողություն և փրկագործի մարդկությունը ... Զղջումն ու ներումը՝ նույն մարմնավորման մեջ:
Կենսագրություն

Հակոբ Սողոմոնյան/1949., Հակոբ Սմբատի Հակոբյան
Արձակագիր, թարգմանիչ, լրագրող, «Անդին» գրական գեղարվեստական ամսագրի գլխավոր խմբագրի տեղակալ:

Հեղինակ է «Հիշատակի պատը» էսսեների ժողովածուի, «Երազանքի ավազակախումբը» վեպի, Հայոց ցեղասպանությանը նվիրված «Թլփատվածները» վեպ-եռագրության / առաջին՝ «Նախազգուշացում» գիրքը լույս է տեսել 2012-ին, հրատարակել անգլերեն, պատրաստվում է ռուսերեն և թուրքերեն թարգմանությունը, երկրորդ՝ «Դատավճիռ» և երրորդ՝ «Նախատոնակ» գրքերը լույս են տեսել 2014-ին/:

Ունի մամուլում տպագրված և անտիպ հարյուրից ավելի պատմվածքներ ու վիպակներ:

Հիմնականում նրա էսսեներով և ակնարկներով Բեյրութի «Բագին» ամսագիրը հրատարակել է Արցախյան ազատամարտին նվիրված «Ես մի զարկն եմ քո կռվի» վերնագրով երկու ստվարածավալ բացառիկ հատոր:

Կազմել և խմբագրել է մի շարք ժողովածուներ:

Թարգմանել է Օրհան Փամուկի «Ձյունը» վեպը, Աքրամ Այլիսլիի «Քարակերտ երազներ» վեպ-ռեքվիեմը, Սրբուհի Լիսիցյանի կոթողային աշխատությունները /երեք ստվարածավալ հատոր՝ «Հայ ժողովրդի հինավուրց պարերն ու թատերական ներկայացումները» և «Հայկական հինավուրց պարեր»/, Ֆ. Մ. Դոստոևսկու «Ստորացված և անարգվածները» վեպը, կազմել և թարգմանել է «Այլաբանությունների բույլ» ժողովածուն, մամուլում տպագրել է թարգմանություններ Դոստոևսկուց, Բորխեսից, Մարկեսից, ունի բազմաթիվ այլ թարգմանություններ:

Աշխատել է «Կերպասագործ» բազմատիրաժում, «Պիոներ» ամսագրում, «Հայֆիլմ» կինոստուդիայում, առաջին «Երկիր» թերթում, «Ար» հեռուստաընկերությունում, «Հայոց աշխարհ», «02» թերթերում: Վարել է «Ես մի զարկն եմ քո կռվի», «Հրապարակ», «Մարդը», «Ներաշխարհ» և այլ շարքեր:

​Կինոստուդիայում աշխատելիս եղել է «Սովետական Հայաստան», ապա «Հայաստան» կինոժուռնալների խմբագիր: «Հայրիկի դպրոցը», «Ուղերձ որդուս», «Պարետային ժամ» և այլ վավերագրական ֆիլմերի սցենարների հեղինակ է: