Հովիկ Վարդումյան

Կենսագրություն
Հովիկ Վարդումյանը հայ ժամանակակից արձակագիր է (ծնվ. 1940, հուլիսի 26, Ճոճկան, Լոռու մարզ): Սովորել է ծննդավայրի միջնակարգ դպրոցում: 1970-ին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը, ստացել տեխնիկական կրթություն և մինչև հեղափոխություն աշխատել որպես ինժիներ-կոնստրուկտոր` տեխնիկ-տեխնոլոգից մինչև գլխավոր կոնստրուկտորի պաշտոնով: Հանրապետության հեղինակավոր թերթերում և ամսագրերում բանաստեղծությունները տպագրվել են ուսանողական տարիներից` 1964-ից: Գրական գործունեությունն սկսելով որպես բանաստեղծ, սակայն, բանաստեղծությունների ոչ մի ժողովածու չի տպագրվել: Խորհրդային շրջանում երկու գիրք է հրատարակել` «Այսպիսի պատմություն» պատմվածքների ժողովածուն և «Երազների հովիտը» վիպակը: Առաջինի նյութը մտավորականի և շարքային քաղաքացու դժվար ու հաճախ անբովանդակալից կյանքն էր: Երկրորդը վիպակ է ծննդավայի ու նրա մարդկանց անցյալի ու ներկայի մասին: Նրա պիեսները բեմադրվել են հանրապետական ռադիոյով և հեռուստատեսությամբ: Արժանացել է մանկապատանեկան «Պիոներ» ամսագրի «Լավագույն պատմվածք» գրական մրցանակին:

1989-ից, երբ սկսվեց փլուզվել Խորհրդային Միությունը և սկիզբ առավ ազգային-ազատագրական պատերազմը, նա, թողնելով ամեն ինչ, դարձավ անկախության պայքարի զինվոր: Գրական աշխարհ վերադարձավ պատերազմի ավատից հետո, հարուստ տպավորություններով և նոր զգացողություններով: Առաջին գիրքը` «Այսպես են մեռնում արծիվները» վիպակը տպագրվեց 1997-ին: Վիպակի նյութը 14 նվիրյալների մասին է, ովքեր ընկնելով շրջապատման մեջ, կռվում են մինչև վերջ և զոհվում հերոսաբար: Մի քանի տեղից վիրավոր, արյունաքամ եղած հրամանատարը, չցանկանալով գերի հանձնվել, իրեն թշնամու 4 զինվորի հետ պայթեցնում է: Այնուհետեւ մեկը մյուսի հետևից տպագրվեցին պատմվածքների ժողովածուներ, վիպակներ և վավերագրական գրքեր:

Գրողն արժանացել է գրողների միության եւ տարբեր գերատեսչությունների գրական մրցանակների: Նրա ստեղծագործությունները թարգմանվել և տպագրվել են. «անգլերեն» («Ժամանակակից հայ արձակ»), ռուսերեն («Ժամանակակից հայկական պատմվածք», 2003, «Հայ գրողների վիպակներ», 2003, «Հայ գրողների պատմվածքներ», 2006, «Հայ գրողների վիպակներ», 2007, գրական տարբեր պարբերականներ) ուկրաիներեն, բուլղարերեն, պարսկերեն, ղազախերեն, տաջիկերեն: 2009-ի վերջին Փարիզում «L’ Harmattan» հրատարակչության պատվերով թարգմանվել է ‎ֆրանսերեն և լույս տեսել «Անմահը» պատմվածքների ժողովածուն, արժանացել բարձր գնահատանքի:

Երկեր
  • Այդպիսի պատմություն (պատմվածքների ժողովածու), 1983:
  • Երազների հովիտը, 1986:
  • Այսպես են մեռնում արծիվները, վիպակ 1997:
  • Գրոհայինների հրամանատարը, վիպակ, 1999, Երևան:
  • Անահիտ աստվածուհու վերադարձը, 2002թ., Երևան:
  • Վիպակ տղամարդկանց համար, 2003թ., Երևան:
  • Լաբիրինտոս, 2003թ., Երևան: Պատմվածքների ժողովածու:
  • Զրույցներ Հրանտ Մաթևոսյանի հետ, 2003թ., Երևան:
  • Աստվածների կանչը, 2004թ., Երևան: Արցախյան պատերազմի մասնակից կանանց դիմանկարների շարք:
  • Ինն թզուկ նվագում են պարկապզուկ, 2004թ.Երևան: Մանկական չափածո հեքիաթ:
  • Ավիկի Այբն ու Բենը, 2006թ., Երևան: Մանկական բանաստեղծությունների շարք:
  • Շուշիի ազատագրումը, 2007թ., Երևան:
  • Կանթեղ, վեպ, 2010թ., Երևան:
  • Բաժանարար գիծ, 2010թ., Երևան:
  • Հողի հիշողությունը, 2011թ., Երեւան:
  • Հեքիաթ չարաճճի տղաների համար, 2012թ., Երևան: Հեքիաթ:
  • Եթե մոռանաս, կանիծեմ քեզ, 2013թ., Երևան:
  • Փոքր Մհերի վերադարձը, 2014թ., Երևան:
  • ​Ուխտյալները, 2016թ., Երևան: