Հովհաննես Թումանյան

Ամենայն հայոց գրող Հովհաննես Թումանյանը ծնվել է 1869 թվականի փետրվարի 19-ին, Լոռվա Դսեղ գյուղում:

20-րդ դարի առաջին քսանամյակի հայ գրականության կենտրոնական դեմքն էր Թումանյանը: Նա գրական-հասարակական կազմակերպությունների և՛ հիմնադիրն էր, և՛ ղեկավարը:

Թումանյանի ստեղծագործություններում արտացոլվում է 20-րդ դարասկզբի ժողովրդի կյանքի, սոցիալական և ազգային ձգտումների ճշմարտացի պատկերը: Մեծ գրողը համակողմանիորեն օգտագործում էր ժողովրդական ստեղծագործությունը: Նա ճշմարիտ ժողովրդական էր համարում այն գրականությունը, որի մեջ կար ազգային ոգի, վիշտ, ուրախություն, զգացմունք: Նրա պոեմների, բալլադների, բանաստեղծությունների մեջ պատկերված է հայ իրականությունը, լայնորեն օգտագործված են հայ բանահյուսական ավանդույթները: Թումանյանը բանահյուսությունը համարում էր գրականության հարազատ հողն ու պատվանդանը, այդ սկզբունքով էլ ստեղծագործել ու իրապես դարձել է ազգային և համաժողովրդական մեծ գրող:

«Էդիթ Պրինտ» հրատարակչությունն արդեն երկար տարիներ հրատարակում է մեծ գրողի ստեղծագործությունները: Թումանյան մարդու և գրողի կյանքի բազում անհայտ էջեր հանրությանը ներկայացնելու համար հրատարակչությունը բազմակողմանիորեն համագործակցել է մեծ գրողի թոռնուհու՝ Իրմա Սաֆրազբեկյանի հետ: Նրա տրամադրած մի շարք անտիպ նամակների, հոդվածների շնորհիվ հրատարակչությունը տպագրել և հայ գրքասեր հանրությանն է ներկայացրել Հովհաննես Թումանյանի գրական ժառանգությունը: